Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Քևին Գրոսկրոյցը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանության արդյունքները, ըստ որի` գերմանական ակումբի մրցակիցը լինելու է Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ը:
«Անկեղծ ասած, ես կնախընտրեի խաղալ «Միլան»-ի դեմ: Այն գեղեցիկ քաղաք է, իսկ ճանապարհն այնքան էլ երկար չէ, ինչը մեր շատ երկրպագուների թույլ կտար ներկա գտնվել հանդիպմանը:
Սակայն, «Զենիթ»-ը նույնպես հետաքրքիր ընտրություն է: Հալկն այստեղ, իհարկե, առանձնանում է: Նա ֆիզիկապես շատ ուժեղ ֆուտբոլիստ է, որի դեմ պայքարելը հեշտ չէ: Չեմ կարծում, որ այդ թիմի` խմբում հավաքած 6 միավորն ու խփած և բաց թողած գոլերի բացասական տարբերությունն ինչ-որ բան նշանակում է: Այն ուժեղ թիմ է»,- ասել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմակիցը:
|