Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 19 » Nostalgie: Պաոլո Մալդինի
10:29
Nostalgie: Պաոլո Մալդինի
«Իմ ընտանիքը հատուկ վերաբերմունք ունի ֆուտբոլի նկատմամբ: Հայրս եղել է աշխարհի լավագույն պաշտպաններից մեկը: Այնպես որ, ֆուտբոլն իմ երակներում է: Իմ առաջին ֆուտբոլային հիշողությունները կապված են դպրոցի  ետ: Այստեղ ես զգացի միայն մեկ սպորտաձևի գոյությունը: Եվ երբեք կասկած չունեցա սիրելի զբաղմունքի ընտրության հարցում: Ընկերների հետ իմ խաղերից մեկից հետո հայրս ինձ ասաց, որ լավ ոճ ունեմ: Ինչպես շատ ուրիշ երեխաներ, սկսեցի «Միլանի» մանկական ակումբից: Իսկ որոշ ժամանակ անց խաղը դարձավ աշխատանք…»

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդները. Պաոլո Մալդինի

 Պաոլո Մալդինի Իտալական ֆուտբոլին բնորոշ են նվիրյալները: Այո, նվիրյալ բառիս բուն ու ամենախորը իմաստով: Երբ կյանքդ կապում ես մեկ թիմի հետ, ողջ կյանքում կրծքիդ կրում նրա զինանշանը, խաղդ սկսում նրա օրհներգով, ու որ ամենակարևորն է՝ քո խաղով բարձր պահում հարազատ թիմիդ պատիվը, դու արդեն նվիրյալ ես: Այդ նվիրյալներից է իտալական ու համաշխարհային ֆուտբոլի լեգենդներից մեկը՝ «Միլանի» կուռք Պաոլո Մալդինին: Հաշվի առնելով, որ Պաոլոյի հայրը ևս «Միլանի» նվիրյալն է եղել, կարելի է ասել՝ Պաոլո Մալդինիի մեջ Միլանի հանդեպ սերն ու կապվածությունը ժառանգություն են մնացած հորից: Հենց Պաոլոյի հայրը՝ Չեզարե Մալդինին էր առաջինը, ով 1963 թվականին «Բենֆիկայի» դեմ հաղթանակ տանելով՝ գլխավերևում բարձրացրեց Եվրոպայի չեմպիոնների գավաթը: Դա առաջին մեծ հաղթանակն էր «Միլանի» համար միջազգային ասպարեզում: Իսկ ահա որդուն էլ բախտ էր վիճակված բազմապատկել այդ հաղթանակը:

 «Ռոսոներիների» ավագն իր ողջ կյանքն անց է կացրել «Միլանի» մարզաշապիկով՝ մասնակցելով 602 խաղի:

 Վերջին մի քանի դարերի ընթացքում մարդկության հետաքրքրության ու ուշադրության կենտրոնից չի հեռանում ֆուտբոլը: Անցկացվում են տարբեր վիճակագրություններ, փայլատակում աստղեր, ծնվում ու մեռնում լեգենդներ՝ իրենց անունը ոսկե տառերով գրելով ֆուտբոլի պատմության մեջ: Իտալիայում բազմաթիվ հարցումներից հետո դարի լավագույն պաշտպան ճանաչվեց Պաոլո Մալդինին: Ֆուտբոլի բազմաթիվ մասնագետներ կարծում են, որ նա ոչ միայն Իտալիայի լավագույն պաշտպանն է, այլ նաև ողջ աշխարհում է առաջինը:

 «Միլանի» հիմնական խմբում Մալդինին հայտնվեց, երբ տասնվեց տարեկան էր: Նրա առաջին խաղը տեղի ունեցավ 1985 թվականի հունվարի 20-ին: «Իմ կարիերայի ընթացքում ես ունեցել եմ մի շարք գրավիչ հանդիպումներ, սակայն իմ մեկնարկը «Միլանի» մարզաշապիկով մշտապես կհիշեմ,-հետագայում ասել է Պաոլոն: -Հենց այդ օրը տասնվեցամյա երիտասարդիս մարզիչ Նիլս Լիդհոլմը դաշտ դուրս բերեց «Ուդինեզեի» դեմ պայքարում, հնարավոր է, նույնիսկ, ի հեճուկս մյուս խաղացողների: Ես պատահականորեն փոխարինեցի վնասվածք ստացած Բատիստինիին: Ինձ պարուրեցին էմոցիաները: Սկզբում վախ էր: Հիշում եմ՝ անձրև էր, խաղը տանջալի ու տգեղ էր: Ես պետք է կենտրոնանայի, որ ցույց տայի ինձ դրական կողմերով: Սակայն աստիճանաբար իմ զգացմունքներն աճեցին ընդհուպ մինչև աննկարագրելի երջանկություն…»: Այդ մրցաշրջանում Պաոլոն էլ դուրս չեկավ հիմնական խմբում: Այդժամ պաշտպանության փառահեղ դեմքը Ֆրանկո Բարեզին էր: Ի վերջո, Մալդինին դարձավ նրա արժանի խաղընկերը, իսկ Բարեզիի՝ ֆուտբոլը թողնելուց հետո Մալդինին կրեց նաև ավագի պատվավոր թևկապը:


 Մալդինին տասնինը տարեկան էր, երբ նրան հրավիրեցին ազգային հավաքական, ուր առաջին խաղն անցկացրեց 1988 թվականի մարտի 31-ին՝ Հարավսլավիայի դեմ պայքարում: Հենց այդ ժամանակ էլ սկսվեց «Միլանի» աննկարագրելի վերելքը միջազգային արենայում: 1989 թվականին «Միլանն» արժանացավ Եվրոպական չեմպիոնների գավաթին՝ կործանելով Բուխարեստի «Ստյաուայի» պաշտպանությունը՝ 4:0: 1993 թվականից սկսած երեք տարի շարունակ «Միլանը», հասնելով եզրափակիչ, պարտվում էր: Սակայն հնարավոր չէ մոռանալ 1994 թվականի «Միլան»-«Բարսելոնա» խաղը, երբ «Միլանը» քարը քարին չթողեց իր վերելքի ուղու վրա գտնվող «Բարսելոնայից»:

 2003 թվականին եզրափակչում, առավելության հասնելով «Յուվենտուսի» նկատմամբ, «Միլանը» հաղթեց եվրոպական այդ հեղինակավոր մրցաշարը, որը 1994-95թվականների մրցաշրջանից հետո անվանվեց Չեմպիոնների լիգա: Հաղթողը որոշվեց ետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով, որից հետո «Միլանի» ավագն իր գլխավերևում պահեց գավաթը, ինչպես դա տարիներ առաջ արել էր նրա հայրը: Բացի այդ, Մալդինին «Միլանի» հետ միասին երկու անգամ արժանացել է Միջմայրցամաքային գավաթին, երկու անգամ Եվրոպական սուպերգավաթին, ինչպես նաև դարձել է Իտալիայի բազմակի չեմպիոն և երկրի սուպերգավաթակիր:

 Ազգային հավաքականում իր ելույթներն ավարտեց 2002 թվականի Աշխարհի առաջնությունից հետո, իսկ ահա «Միլանի» կազմում Մալդինի վերջին անգամ դաշտ դուրս եկավ 2009 թվականի մայիսի 31-ին
«Ֆիորենտինայի» դեմ խաղում, որն ավարտվեց «Միլանի» հաղթանակով՝ 2:0:






Կատեգորիա: Միլան | Դիտումներ: 722 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
#1 ACMILAN (19.03.2013 11:04)
biggrin
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]