Զեեդորֆը մեծագույն մարդ է եւ կդառնա մեծագույն մարզիչ, ասել է Լոնդոնի «Չելսիից» իտալական «Միլան» տեղափոխված գանացի կիսապաշտպան Մայքլ Էսյենը: 31-ամյա ֆուտբոլիստի խոսքով՝ ինքը «Միլանի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կրալերնս Զեեդորֆի համար է տեղափոխվել իտալական ակումբ:
«Հնարավոր ամեն բան կանեմ հանուն «Միլանի»: 2 օր առաջ զրուցել եմ Զեեդորֆի հետ եւ նա ինձ համոզեց տեղափոխվել Իտալիա: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռոման Աբրամովիչին ու Ժոզե Մոուրինյոյին: «Միլան» տեղափոխվել եմ հենց Զեեդորֆի համար: Նա մեծագույն մարդ է եւ կդառնա մեծագույն մարզիչ: Անհամբերությամբ եմ սպասում իմ նորամուտին»,- Էսյենի խոսքը մեջբերում է Milan Channel-ը:
Հիշեցնենք, որ գանացին ազատ գործակալի կարգավիճակով կմիանա «Միլանին»՝ կնքելով պայմանագիր, որը նախատեսված կլինի մինչեւ 2015-ը:
|