Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 17 » Իտալիայի Ա Սերիա. 16-րդ տուրի ամբողջական ամփոփումը (տեսանյութեր)
17:54
Իտալիայի Ա Սերիա. 16-րդ տուրի ամբողջական ամփոփումը (տեսանյութեր)

Իտալիայի Ա սերիայի առաջնությունում ավարտվեց 16-րդ տուրը: Այն սկսվեց շաբաթ, դեկտեմբերի 14-ին «Կատանիա»-«Վերոնա» հանդիպումով: Սիցիլիայում կայացած խաղում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց, և հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով` 0:0:

«Կատանիա»-»Վերոնա»` 0:0


Վերոնայի թիմերից մյուսը` «Կիևոն», կիրակի` դեկտեմբերի 15-ին սեփական հարկի տակ` «Մարկ Անտոնիո Բենտեգոդի» մարզադաշտում նվազագույն` 0:1 հաշվով զիջեց Սինիշա Միխայլովիչի «Սամպդորիային»: Ճենովացիների միակ գոլը հանդիպման 16-րդ րոպեին հեղինակեց Էդերը:

«Կիևո»-»Սամպդորիա»` 0:1

 
Ճենովայի թիմերից մյուսը` «Ջենոան», այս տուրում սեփական հարկի տակ մրցեց Բերգամոյի «Ատալանտայի» հետ: Հանդիպման հիմնական իրադարձությունները տեղի ունեցան խաղի վերջին 20 րոպեների ընթացքում: 72-րդ րոպեին տանտերերին հաշվի մեջ առաջ մղեց Անդրեա Բերտոլաչչին, իսկ մրցավարի ավելացրած ժամանակում Ջուզեպպե դե Լուկայի խփած գնդակը փրկեց հյուրերին պարտությունից:

«Ջենոա»-«Ատալանտա»` 1:1

Նախորդ տուրում «Ռոմային» զիջելուց հետո այս անգամ «Ֆիորենտինան» չխնայեց մրցակցին: Վինչենցո Մոնտելլայի «Ֆիորենտինային» Ա Սերիայի 16-րդ տուրում բաժին էր հասել «Բոլոնիան», որի դարպասը «մանուշակները» ուղարկեցին 3 անպատասխան գնդակ:

Հանդիպման 13-րդ րոպեին հաշիվը բացեց Յոսիպ Իլիչիչը, 29-րդ րոպեին Բորխա Վալերոն կրկնապատկեց այն, իսկ երրորդ գոլը «Ֆիորենտինան» խփեց արդեն 2-րդ խաղակեսում: 64-րդ րոպեին իր մասին հիշեցրեց «մանուշակների» հարձակվող Ձուզեպպե Ռոսսին, հաշիվը դարձնելով խոշոր: 

«Ֆիորենտինան» վերականգնեց իր հեղինակությունը երկրպագուների մոտ «Ռոմայից» կրած պարտության համար, իսկ ահա «Բոլոնիայի» սև օրերը, ինչպես երևում է, շարունակվում են:

«Ֆիորենտինա»-«Բոլոնիա»` 3:0


Հռոմի «Լացիոն» դեկտեմբերի 12-ին, հինգշաբթի, զրոյական ոչ-ոքի խաղալով թուրքական «Տրաբզոնսպորի» հետ, երկրորդ տեղով բավական թույլ կազմ ունեցող J խմբից դուրս եկավ Եվրոպայի Լիգայի փլեյ-օֆֆ:

Իսկ ահա Իտալիայի Ա Սերիայում թիմը անկայուն ելույթներ է ունենում, հաղթանակին հաջորդում է պարտությունը, ապա ոչ-ոքին, և այդպես շարունակ: Այս տուրը «բիանկո-չելեստիների» համար հաղթական էր: 

Միրոսլավ Քլոզեի դուբլի շնորհիվ (19', 26') թիմը դեռ առաջին խաղակեսում լուծեց մրցաշրջանի նորեկներից մեկի` «Լիվորնոյի» հարցերը:

«Լացիո»-«Լիվորնո»` 2:0 




Այս մրցաշրջանում իտալական գրանդներից միավորներ փախցնելով աչքի ընկնող «Տորինոն» այս անգամ էլ ստիպեց սեփական խաղադաշտից ձեռնունայն հեռանալ «Ուդինեզեի» ֆուտբոլիստներին: 

«Ցլերը» երկու անպատասխան գնդակ խփեցին «Ֆրիուլիում»` նախ, 48-րդ րոպեին աչքի ընկավ Ալեքսանդր Ֆարներուդը, իսկ խաղավարտից 15 րոպե առաջ թուրինցիների առավելությունը կրկնապատկեց Չիրո Իմմոբիլեն:

«Ուդինեզե»-«Տորինո»` 0:2


«Պարմա»-«Կալյարի» հանդիպումը գոլերով աչքի չընկավ: Փոխարենը այն կարելի է ասել, պատմական էր: 

«Խաչակիրները» իրենց թիմի 100-ամյակի առիթով խաղադաշտ էին դուրս եկել 100 տարվա վաղեմություն ունեցող մարզաշապիկների կրկնօրինակներով, առանց խաղացողների համարների, անունների և հովանավորի գովազդի: Ավաղ, դա չօգնեց «Պարմային» գնդակ խփել, ինչը չկարողացան անել նաև Սարդինիայից ժամանած հյուրերը:

«Պարմա»-«Կալյարի»` 0:0

Թուրինի «Յուվենտուսին» այս տուրում բաժին էր հասել առաջնության նորեկներից մյուսը` «Սասսուոլոն»: Համանուն փոքրիկ քաղաքը ներկայացնող թիմը առաջնության մեկնարկում «Ինտերից» 0:7 հաշվով ջախջախվելուց հետո կերպարանափոխվել էր ու սկսել միավորներ փախցնել առաջատարներից: Որպես օրինակ նշենք «Սասսուոլոյի» ոչ-ոքիները «Ռոմայի» և «Նապոլիի» հետ:

«Յուվենտուսի» առջև կարծես խնդիր էր դրված ապացուցելու, որ այդ ոչ-ոքիները «Սասսուոլոյի» հետ` այդ խաղերում թիմի մրցակիցների` «Սասսուոլոյին» թերագնահատելու արդյունք էին: «Ծեր սինյորան» դա ապացուցեց առավել քան համոզիչ կերպով, մրցակցի դարպասն ուղարկելով 4 անպատասխան գնդակ: Ընդ որում դրանցից երեքը իր հաշվին գրանցեց արգենտինացի Կարլոս Տևեսը: Եվս մեկ անգամ աչքի ընկավ Պելուզոն:
 

«Յուվենտուս»-«Սասուլո»՝ 4-0

 



Տուրի կենտրոնական խաղերից մեկով եզրափակվեց կիրակի օրվա, դեկտեմբերի 15-ի խաղային օրը: Նեապոլի «Սան-Պաոլո» մարզադաշտում տեղի «Նապոլին» հյուրընկալել էր Միլանի «Ինտերին»:

Թեև «Ինտերի» նոր սեփականատեր Էրիկ Թոհիրը շարունակում է հայտարարել, որ վստահում է թիմի գլխավոր մարզիչ Վալտեր Մացցարիին և նրան փոխարինող չի փնտրում, սակայն այս անգամ էլ Մացցարիի գլխավորությամբ «Ինտերը» խաղադաշտից հեռացավ գլխիկոր: Չնայած, հանուն արդարության պետք է նշել, որ մինչև խաղավարտ դաշտում հավասար պայքար էր ընթանում: 

9-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է Գոնսալո Իգուաինը, «Ինտերից» Կամբիասոն 35-րդ րոպեին հավասարեցրել է այն: Սակայն ընդամենը 4 րոպե անց Մերտենսի գոլից հետո «Ինտերը» կրկին հայտնվել է հետապնդողի դերում: 

Եվս երկու րոպե անց` 41-րդ րոպեին Ջեմաիլին ավելացրել է նեապոլական թիմի առավելությունը, հաշիվը դարձնելով 3:1: 45-րդ րոպեին Նագատոմոն վերադարձրել է հանդիպման ինտրիգը, կրճատելով հաշվի տարբերությունը:

Եվ խաղավարտին, երբ թվում էր, թե «Ինտերը» կկարողանա երրորդ գնդակը խփել և խուսափել պարտությունից, միլանյան թիմը մնաց 10 հոգով (71-րդ րոպեին «Ինտերից» հեռացվեց Ռիկարդո Ալվարեսը) և բաց թողեց չորրորդ գոլը, որը 81-րդ րոպեին հեղինակեց Խոսե Կալյեխոնը` 4:2:

«Նեապոլը» կարող էր և խոշոր հաշվով հաղթանակ տանել, եթե մրցավարի ավելացրած ժամանակի 2-րդ րոպեին Պանդևը անվրեպ իրացներ 11 մետրանոց հարվածը, սակայն մակեդոնացին վրիպեց նշակետից: 

«Նապոլի»-«Ինտեր»` 4:2
 

 







16-րդ տուրը ավարտվեց Միլանի «Սան-Սիրո» մարզադաշտում կայացած «Միլան»-«Ռոմա» հանդիպումով: 90 րոպեների ընթացքում թիմերը չորս գնդակ խփեցին և այդպես էլ չորոշեցին հաղթողին:

13-րդ րոպեին հռոմեական թիմին հաշվի մեջ առաջ մղեց Մատտիա Դեստրոն: Քրիստիան Սապատայի` 30-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ «Միլանը» հավասարեցրեց հաշիվը: 51-րդ րոպեին սեփական տուգանայինում Ժերվինյոյին կոպտորեն վայր գցելու համար «ռոսսոներիները» պատժվեցին 11 մետրանոց հարվածով, որը հստակ իրացրեց Կևին Ստրոտմանը: Սակայն հաղթական հաշիվը պահպանել «Ռոմային» չհաջողվեց: 77-րդ րոպեին «Միլանի» 114-ամյակի օրը թիմին գոնե մեկ միավոր այս խաղում պարգևեց Սալի Մունտարիի խփած գնդակը` 2:2:

«Միլան»-«Ռոմա»` 2:2

 


Այս ոչ-ոքին շահավետ էր առաջատար Թուրինի «Յուվենտուսի» համար: Անտոնիո Կոնտեի սաները 43 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը և արդեն 5 միավորով են առաջ պոկվել իրենց հետապնդող «Ռոմայից»:

Լավագույն եռյակը 35 միավորով եզրափակում է «Նապոլին», «Ֆիորենտինան» չորրորդն է 30 միավորով, «Ինտերը» 5-րդը` 28 միավորով: Իսկ ահա «Միլանին» այս ոչ-ոքին մեծ հաշվով օգուտ չտվեց մրցաշարային աղյուսակում դիրքերը բարելավելու տեսանկյունից: Թիմը 19 միավորով 12-րդ տեղում է:

 

Կատեգորիա: Տեսանյութեր | Դիտումներ: 1090 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 10.0/2
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]